07/04/2022 20:40
Բրյուսելյան հայտարարությունը հայկական կողմի համար բավականին բացասական շեշտադրումներով հայտարարություն էր. Քաղաքագետ
Ակնհայտ է, որ երեկ Բրյուսելում ընդունված հայտարարությունը որևէ կերպ չի հակասում Ադրբեջանի շահերին։ Իսկ ահա հայկական կողմի համար այդ հայտարարության տեքստում կան մի քանի խնդրահարույց կետեր։ Եթե մեկ նախադասությամբ ասելու լինենք, ապա բրյուսելյան հայտարարությունը հայկական կողմի համար բավականին բացասական շեշտադրումներով հայտարարություն էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ հրաժարվեցին իրենց՝ նախօրոք հայտարարած դիրքորոշումներից։ Դա առաջին հերթին վերաբերում է սահմանագծման և սահմանազատման գործընթացին։
Ինչպես հիշում ենք, ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունները նշում էին, որ մինչև այդ նպատակով հանձնաժողովի ստեղծումը սահմաններին պետք է համապատասխան միջավայր ձևավորվի, անվտանգային համապատասխան մթնոլորտ լինի։ Բրյուսելյան հանդիպման արդյունքում, փաստորեն, սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը ձևավորվելու է առանց այդ քայլերի իրականացման։
Իհարկե, երեկ ընդունված հայտարարության մեջ կա հիշատակում այն մասին, որ հանձնաժողովը զբաղվելու է նաև սահմանային անվտանգության ապահովմամբ, սակայն դա վստահություն չի ներշնչում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը շարունակելու է կիրառել իր ուժային ճնշման քաղաքականությունը նաև սահմանազատման գործընթացում»,- ասաց քաղաքագետը։
Տիգրան Գրիգորյանը, որպես բրյուսեյան հայտարարության մյուս խնդրահարույց կետ, նշեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին տրված հանձնարարականները՝ սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։
«Սա այն դեպքում, երբ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում նշում էր, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Այս հայտարարության մեջ ՄԽ-ի մասին որևէ հիշատակում չկա։
Երրորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ արդեն որերորդ անգամ ԵՄ-ի կողմից տարածված հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ ԼՂ հակամարտության մասին։ Սա համապատասխանում է Բաքվի այն դիրքորոշմանը, թե հակամարտությունն «ավարտված է», իսկ Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր «գոյություն չունի»։ Հայտարարություններում այս ձևակերպումների բացակաությունը նպատակ է հետապնդում զերծ մնալ Բաքվին գրգռելուց։
Իհարկե, մտահոգիչ է նաև, որ երեկվա հայտարարությունում վերջին սրացումների վերաբերյալ պատշաճ ձևակերպում չի տրվել։ Հայտարարության տեքստում առկա ձևակերպումներն այնքան երկիմաստ են, որ կողմերը կարող են իրենց ցանկացած ձևով մեկնաբանել»,- նշեց Տիգրան Գրիգորյանը։