08/04/2022 19:30
Աչքերի շուրջ մուգ շրջանակներ. առաջացման պատճառները
Դեմքի մաշկի ամենազգայուն հատվածը աչքերի շուրջ մաշկն է. այն այնքան բարակ է, որ տեսանելի են արյունատար անոթները (4 անգամ ավելի բարակ է, քան դեմքի այլ հատվածների մաշկը): Ամենատարածված խնդիրները աչքերի շուրջ առաջացող մուգ շրջանակներն են. դրանցից ազատվելու համար նախ պետք է հասկանալ առաջացման պատճառները (արյան հոսքն անոթներում դանդաղում է, վատթարանում է թթվածնի մատակարարումը)։
Անքնությունը, սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, ոչ առողջարար սննդակարգը, ծխախոտն ու ալկոհոլը բացասաբար են ազդում մաշկի որակի վրա, նպաստում աչքերի շուրջ մուգ շրջանակների առաջացմանը։ Դրանց ի հայտ գալուն նպաստում է նաև աչքերը տրորելու սովորությունը. աչքերը տրորելիս մազանոթները տրավմայի են ենթարկվում, առաջանում է արյունազեղում։
Կարևոր է աչքերի շուրջ մաշկի ճիշտ խնամքը. լվացվելու համար պետք է ընտրել փափուկ և անպայման աչքերի դիմահարդարման հեռացման համար նախատեսված միջոցներ, չմոռանալ ամենօրյա խոնավացման մասին։
Աչքերի շուրջ շրջանակները կոսմետիկ միջոցներով կոծկելու փոխարեն ճիշտ է վերացնել պատճառները. կարևոր է ժխտել քրոնիկ հիվանդությունները (սրտանոթային, երիկամային, լյարդի, վահանաձև գեղձի)։
Եթե բոլոր պատճառները հերքվել են, բայց աչքերի շուրջ մուգ շրջանակներ կան, «մեղավոր» է ժառանգական գործոնը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։