08/04/2022 20:00
Երեխաների ավելորդ քաշի «մեղավորները». խորհուրդներ՝ ծնողներին
Ճարպակալումը (ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում) կարող է պայմանավորվել գենետիկ և էնդոկրին խանգարումներով, կանոնավոր շատակերությամբ, ցածր ֆիզիկական ակտիվությամբ։
Կենդանական ծագման ճարպերը, հեշտ յուրացվող ածխաջրերը ավելորդ կիլոգրամների «մեղավորներից» են։ Տանը պատրաստված ապխտած, տապակած ուտեստները, կարկանդակները արագ սննդի համեմատությամբ պակաս վտանգավոր են թվում, այնինչ, եթե դրանք երեխայի սննդակարգի հիմնական բաղադրիչներն են, մեծապես նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը։
Քաղցր հյութերի դերը ճարպակալման հարցում հաճախ անտեսվում է։ Կարող է շատակերություն չլինել, բայց քաղցր, գազավորված հյութերի պարբերական օգտագործումը կնպաստի քաշի ավելցուկի։
Ֆիզիկապես ոչ ակտիվ երեխաներն առավել հակված են ճարպակալման. միայն մտավոր ծանրաբեռնվածությունը բավարար չէ կալորիաների այրման համար։
Ժառանգական գործոնի մասին ևս մոռանալ չի կարելի։ Եթե երեխայի ծնողները և տատիկ-պապիկներն ունեն ավելորդ քաշ, մեծ է հավանականությունը, որ երեխան ևս կունենա ավելորդ կիլոգրամներ։ Հատկապես այսպիսի ընտանիքներում կարևոր է ձևավորել սպորտով զբաղվելու ավանդույթ։ Հեծանիվ, վազք, լող, ֆիթնես վարժություններ. կարևոր է երեխային ընտրության հնարավորություն տալ, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը բացասական էմոցիաների հետ չասոցացվի։
Եթե ընտանիքում վստահ են, որ երեխայի ավելորդ կիլոգրամների մեղավորը կոնֆետները կամ բուրգերները չեն, պետք է անպայման դիմել բժշկի։
Պետք է հետազոտել՝
- Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը
- Գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակը
Կարևոր են՝
- Մեզի հետազոտությունը
- Արյան ընդհանուր հետազոտությունը
- Արյան բիոքիմիական հետազոտությունը
Երեխայի ավելորդ քաշով չմտահոգվող ծնողները պետք է հիշեն, ճարպակալումը լուրջ հետևանքներ կարող է առաջացնել՝
- 2-րդ տիպի շաքարյան դիաբետ
- արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացում, հիպերտոնիա
- հոդացավ
- շնչառական բարդություններ
Երեխային օգնելու համար կարևոր է ծնողների վարքը. տանը պետք է բացառել ոչ առողջարար մթերքները, սննդակարգում սահմանափակել կենդանական ծագման ճարպերը, ածխաջրերը։ Չխրախուսել, քաղցրի միջոցով «չբանակցել». կոնֆետը չպիտի լինի «արգելված պտուղ», որին երեխան կարող է հասնել, եթե դասերը լավ սովորի կամ այս կամ այն հարցում օգտակար վարք դրսևորի։
Եթե երեխան չի կարող առանց միջուտեստների, պետք է առաջարկել առողջարար այլընտրանք. ընդեղեն, մրգեր, չրեր։
Խիստ կարևոր է քնի կարգավորումը. թե քնի պակասը, թե չափից շատ քունը կարող են ազդել ախորժակին, ինչպես նաև մարսողությանը։
Երեխաների ճարպակալման խնդիրը հնարավոր է հաղթահարել միայն ծնողների աջակցությամբ։ Չի կարելի անտեսել խնդիրը՝ հուսալով, որ ժամանակի հետ քաշը կկարգավորվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։