08/04/2022 17:08
Հույն պատգամավորը դատապարտել է հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը
Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ներկա անկայուն իրավիճակն են քննարկել Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում՝ հանդիպելով Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ:
Հույն պատգամավորը կարևորել է մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտել հայ ռազմագերիների՝ մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտել միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:
Կողմերն անդրադարձել են հայ-հունական ջերմ հարաբերությունների պատմական ընթացքին և համոզմունք հայտնել, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան:
Պարոն Գյուլեկասն իր շնորհավորանքն է հղել հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` Հայաստանի նախագահի ընտրության կապակցությամբ, և փոխանցել խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:
Զրուցակիցները խոսել են նաև հայկական Սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:
Հանդիպմանը ներկա էր ու խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Նշենք, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով: