08/04/2022 21:49
«Մենք կարող ենք առանց ռուսական գազի անցկացնել գարունը, ամառն ու աշունը, բայց մեզ հարկավոր են հզորություններ, որ ձմեռը հաղթահարենք»․ Գերմանիայի փոխկանցլեր
Գերմանիայում գազի ստորգետնյա պահեստարաններն այս պահի դրությամբ լցված են 26 տոկոսով, հայտարարել է երկրի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը՝ Բունդեսթագում ելույթի ժամանակ։
«Մենք աստիճանաբար լցնում ենք գազապահեստարանները, այժմ՝ օրական 0,3-0,5 տոկոսով։ Պահեստարանները լցված են 26 տոկոսով»,- ասել է Հաբեքը։
Նրա գնահատմամբ՝ 150-200 օր է հարկավոր, որպեսզի պահեստարաններն ամբողջությամբ լցվեն վառելիքով։ Հաբեքը խոստովանել է, որ չնայած ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու նպատակադրմանը, Գերմանիայի ստորգետնյա պահեստարանները լցվելու են Ռուսաստանից ներմուծվող վառելիքի հաշվին։
«Մենք կարող ենք առանց ռուսական գազի անցկացնել գարունը, ամառն ու աշունը, բայց ձմռանը պահեստարանները դատարկ կլինեն, իսկ մեզ հարկավոր են հզորություններ, որպեսզի կարողանանք ձմեռը հաղթահարել»,- ասել է փոխկանցլերը։