08/04/2022 20:20
Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ զարգացումներ են լինելու․ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների միջոցով․ Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին
Եկեք սպասենք որոշ ժամանակ, տեսնենք, թե ինչպիսի ընթացք է ստանում այդ գործընթացը։ Համենայն դեպս, Մինսկի խմբի համանախագահությունն այն հարթակն է եղել, որը տարիներ շարունակ զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Միգուցե այդ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում սառեցվի, մենք դա կանխատեսել էինք, բայց դեռևս վաղ է խոսել Մինսկի խմբի վերացման կամ ապամոնտաժման մասին, դեռ պետք է սպասենք, տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են լինելու հետագայում: Մենք մտածում էինք, որ կարող է սառեցվի այդ ձևաչափը՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները՝ հարաբերությունների սառեցումը կամ թեժացումը, բայց եկեք սպասենք: Սա մի հարթակ է, որը միջազգայնորեն է հաստատվել: Տեսնենք՝ ինչպես է գործընթացը զարգանում: Նույնիսկ եթե սառեցվի, բնական է, որ իրավիճակը տարածաշրջանում, կայունությունն ու խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահների, Ռուսաստանի ներդրմամբ, նա շատ մեծ գործ է անում, վճռորոշ դերակատարություն ունի»,-ասել է Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ ամենակարևորը խաղաղության ու կայունության պահպանումն է։
«Հենց ռուս խաղաղապահների առկայությունն է, որ պահպանում է և թույլ չի տալիս, որ լայնածավալ պատերազմ լինի: Եթե Նորվեգիայից կամ ուրիշ տեղից խաղաղապահներ գան, Ադրբեջանի չի փորձելո՞ւ խախտել զինադադարի ռեժիմը: Ավելին, շատ ավելի ազատ է լինելու և կարող է լայնածաված պատերազմ էլ սկսել»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում