08/04/2022 20:30
ՌԴ արտգործնախարարի խոսքերը նշանակում են, որ հակառակ Ադրբեջանի ցանկության՝ խնդիրը Ռուսաստանի համար փակված չէ. Քաղաքագետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային հարցերի քննարկումներում, ցույց է տալիս, որ, հակառակ Ադրբեջանի ցանկության՝ խնդիրը Ռուսաստանի համար փակված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
«Ոչ միայն Լավրովի, այլև շատ այլ գործիչների խոսքերն են այդ մասին վկայում։ Մեկ անգամ չէ, որ և՛ Փարիզից, և՛ Վաշինգտոնից, և՛ Մոսկվայից դիրքորոշում է հնչել՝ Արցախի կարգավիճակի խնդիրը փակված չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկիր շահագրգռված չէ, որ Արցախի հարցը փակվի, այն էլ Ադրբեջանի առաջարկած պայմանով՝ «Ամեն ինչ, կամ ոչինչ»։ Չեմ կարծում, որ համանախագահող երկրներն այսպիսի հնարավորություն կընձեռնեն Ադրբեջանին»,- ասաց քաղաքագետը։
Դավիթ Ստեփանյանը շեշտեց՝ Ադրբեջանն անվերջ կարող է առաջ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ այլևս գոյություն չունենալու թեզը, սակայն հայկական կողմը պետք է ուշադրություն չդարձնի և իր հերթին առաջ տանի խնդրի լուծման իր դիրքորոշումը։
«Արցախի միջազգային ճանաչումը շատ դժվար խնդիր է, որովհետև, եթե օրինակ՝ Կոսովոյի ճանաչման համար որոշակի կոնսենսուս կար, և շատ մեծ աշխատանք էր տարվում, Արցախի պարագայում այդպիսի աշխատանք չի տարվում՝ առաջին հերթին Հայաստանի կողմից։
Կոսովոն ճանաչվել է «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով, որովհետև կոսովցիներն ու ԱՄՆ-ն կարողացել են աշխարհին համոզել, որ եթե Կոսովոյի ալբանացիներն անկախություն չստանան, սերբերը նրանց կոչնչացնեն։ Նույնը պետք է անեն ՀՀ իշանությունները, քանի որ դա է միակ ճանապարհը։
Եթե մենք չունենք ռազմական ռեսուրսներ՝ թելադրելու Ադրբեջանին, այլընտրանքը միայն քաղաքականությունն է։ Մինչև մենք այդ քաղաքականությունը չվարենք, աշխարհն Արցախը չի ճանաչի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։