08/04/2022 20:10
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրագործման ընթացքը, ներառյալ՝ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի գործունեության մեկնարկին ուղղված ջանքերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- նշված է հաղորդագրությունում:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ՌԴ և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ին կնքված դաշնակցային հռչակագրի դրույթների իրագործումը։