09/04/2022 17:00
Ֆարինգիտի առաջացման պատճառները, բուժումը. ներկայացնում է օտորինոլարինգոլոգը
Ֆարինգիտի (քթըմպանի, բերանըմպանի բորբոքում), առհասարակ կոկորդաբորբի առաջացման հիմնական պատճառներից մեկը քթով դժվարաշնչությունն է, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, ազգային առողջապահության ինստիտուտի գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը։
Բերանով շնչելու դեպքում ինֆեկցված օդը մտնում է բերանի խոռոչ, շփվում բերանըմպանին և կոկորդի լորձաթաղանթին։ Քթով շնչելու դեպքում օդը քթի խոռոչներում մանրէազերծվում է, տաքանում, խոնավանում. այս դեպքում ֆարինգիտի առաջացման հավանականությունը փոքրանում է։
Ֆարինգիտը լինում է՝ ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, կատարալ. երեք դեպքում էլ կլինիկան հիմնականում նույնն է. արտահայտվում են չորությամբ, կլման ակտի ցավով։
Ֆարինգիտի հիմնական ախտանշաններն են կոկորդում քերոցը, ցավը, չորության զգացումը, հազը, սուր ֆարինգիտի դեպքում՝ նաև ջերմությունը։
Մասնագիտական ֆարինգիտները հիմնականում բնորոշ են ուսուցիչներին. հաճախակի խոսելու պատճառով առաջանում է բերանըմպանի բորբոքվածություն։ Ֆարինգիտի առաջացման հավանականությունը մեծ է նաև թունաքիմիկատների, թունավոր նյութերի, ծխերի հետ գործ ունեցող մարդկանց դեպքում։
Բժիշկն ասում է՝ եթե արտաքին գործոնները մշտական են, առաջանում է քրոնիկական ֆարինգիտ (ըմպանի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքում)։ Եթե քթըմպանում խոչընդոտ չկա, այսինքն՝ քթով շնչելու խնդիր չկա, ապա քրոնիկական ֆարինգիտից ազատվելու համար պետք է չեզոքացնել արտաքին գործոնները՝ փոխել աշխատանքը, գործ չունենալ թունավոր նյութերի հետ։
Սուր ֆարինգիտը բուժվում է տեղային հակասեպտիկներով, հակաբորբոքայիններով, հակաբակտերիալ պրեպարատներով, քրոնիկ վիճակում կատարվում է պահպանողական բուժում՝ յուղային սփրեյներ, տեղային հակասեպտիկներ։ Քրիոնիկ ֆարինգիտի դեպքում օգնության է հասնում նաև ֆիզիոթերապևտիկ բուժումը։
Երեխաների դեպքում ֆարինգիտ լինում է քրոնիկ տոնզիլիտի պատճառով։ Ոչ թե նշիկները հեռացնելուց հետո է ֆարինգիտ առաջանում, ինչպես շատ տարածված է, այլ հակառակը՝ նշիկների հեռացնելուց հետո հեշտանում է ֆարինգիտի բուժումը։
Արայիկ Ղարիբյանը հորդորում է՝ կոկորդաբորբի դեպքում դեղձի կորիզի, չիչխանի, ծիրանի կորիզի, ձիթապտղի յուղը ոչ թե խմել, այլ կաթացնել քթից (օրական 3-4 անգամ` 5 կաթիլ): Յուղեր խմելն անիմաստ է, քանի որ չի պատում ֆարինգյալ պատը, չի փափկացնում, չի հանգստացնում լորձաթաղանթը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։