09/04/2022 09:10
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը. շատերը կարծում են, որ նա չի անցնի
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց և կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին և այլն։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երևանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ մինչև աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի։
Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին՝ Սուքիասյանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), և ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով փորձում է բարձրացնել իր ռեյտինգը և ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը»: