09/04/2022 12:11
ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել, բայց դրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը իրավական տեսանկյունից կասեցված չի կարող համարվել. Արման Մելիքյան
Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
- Պարո՛ն Մելիքյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում համագործակցել Ռուսաստանի հետ։ Արդյոք սա վտանգում է ձևաչափի հետագա ճակատագիրը և կարո՞ղ է Մինսկի խմբի ձևաչափի վերջի սկիզբը դառնալ։
- Կա տասնմեկ պետություններից (ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը) բաղկացած Մինսկի խումբ և կա դրա մասը կազմող պայմանական գործադիր մարմինը՝ եռանախագահությունը:
Այս պահին ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ համագործակցել համանախագահության շրջանակում, բայց դրանով Մինսկի խմբի գործունեությունը իրավական տեսանկյունից կասեցված չի կարող համարվել: Այսինքն՝ Մինսկի խումբը կա, բայց եռանախագահության աշխատանքն է կազմալուծված: Հավանաբար, այդ բանակցային հարթակի ճակատագիրը պետք է լուծվի հենց ԵԱՀԿ ընթացակարգերի հիման վրա կոնսենսուսի սկզբունքով:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Մոսկվայում հայտարարել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում համագործակցել Ռուսաստանի հետ։
Սերգեյ Լավրովը թեմայի շրջանակում նաև հայտարարել էր՝ Ղարաբաղյան կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի երեք խումբ կա՝ 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և 2021 թվականի նոյեմբերին։
«Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան», - հավելել էր ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։