09/04/2022 19:27
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»․ Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցման, թե ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին:
Լրատվամիջոցը հիշեցրել է Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում»։
«Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։
Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։