09/04/2022 18:00
Գաճաճներ և հսկաներ․ ինչո՞վ են այս մարդիկ տարբերվում իրարից և ինչո՞վ են պայմանավորված մարդու օրգանիզմի անոմալիաները
Ըստ լեգենդի՝ ժամանակակից մարդուց առաջ Երկիր մոլորակի վրա ապրել են միայն գաճաճներն ու հսկաները։ Հսկաների մասին է նաև Ատլանտիդայի մասին պատումը․ ատլանտներն ուժեղ էին, շատ բարձրահասակ, ֆենոմենալ ունակություններ ունեին։ Հայաստանում էլ հսկայի մասին պատում կա՝ աժդահա ու բարի Տորք Անգեղը ձեռքերով ժայռեր էր պոկում տեղից, բայց անասելի ուժի հետ մեկտեղ՝ շատ բարի էր․ «Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում: Տորքը չէր նման հասարակ մարդու, այլ մի աժդահա և շատ ահարկու․․․Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ․․․ուժն իր ահագին նա գործ էր դնում միշտ դեպի բարին ․․․»։
Ֆիզիկական անոմալիաները միշտ են գրավել մարդու ուշադրությունը։ Մարդկանց ուշադրության կենտրոնում են եղել նրանք, ովքեր արտաքինով ու ունակություններով տարբերվել են իրենցից։ Մարդիկ միշտ են զարմացել ու զարմանում են՝ ինչու՞ են ոմանք այնքան կարճահասակ, որ ասես հեքիաթներից եկած թզուկներ լինեն կամ ինչու՞ են այնքան բարձրահասակ, որ նման են լեգենդար ատլանտներին։
Ամեն ինչ ունի իր գիտական բացատրությունը։ Բժշկական հանրույթն այն կարծիքին է, որ «մեղավորը» մարդու հասակի համար պատասխանատու հիպոֆիզն է։ Մարդու անոմալ՝ չափազանց բարձր կամ չափազանց կարճ հասակի պատճառները գիտնականները հաճախ փնտրում են նախորդ սերունդների մեջ, թեպետ հայտնի են փաստեր, երբ գաճաճ՝ լիլիպուտ ծնողներից կամ մեկ այդպիսի ծնողից ծնված երեխան տարիների ընթացքում հսկայի հասակ է առել և համարվել է գիգանտ։ Մեկ այլ օրինաչափություն էլ կա՝ գիգանտիզմն ավելի շատ տղամարդկանց շրջանում է նկատվում․ 80 տոկոս դեպքերում մարմնի ու հասակի հսկայական ծավալ ունենում են տղամարդիկ, ու այդպիսիք կարող են ծնվել սովորական հասակ ունեցող մարդկանցից։
Մարմնի ու հասակի ոչ ստանդարտ չափերի պատճառներից մեկն էլ ԴՆԹ շղթայի խախտումն է համարվում։ ԴՆԹ-ի փոփոխությանը նպաստում են տարբեր գործոններ։ Հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե կոնկրետ ինչը կազդի ապագա սերնդի առողջության ու ֆիզիոլոգիայի վրա․ դա կարող է լինել ծնողներից մեկի տարած հիվանդությունը, սթրեսը, իսկ հետևանքները կարող են կրել հաջորդ սերունդները, երբեմն՝ մի քանի սերունդ։ Այս իրավիճակին համանման է տարբեր ռասաների միախառնումը, որի արդյունքում մաշկի տարբերվող գույնով երեխան ծնվում է մեկ սերունդ հետո միայն։
Մենք մեր ծնողներից ու նախապապերից ժառանգում ենք քրոմոսոմների խումբ, որը ձևավորում է մեր ֆենոտիպը՝ օրգանիզմի անհատական զարգացման պրոցեսում ձևավավորված արտաքին հատկությունների և հատկանիշների ամբողջությունը՝ արտաքին տեսքը, որոշակի հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը։ Հասակը, աչքերի գույնը, քթի ձևը և այլ հատկանիշներ նույնպես ֆենոտիպի մաս են։ Բայց ֆենոտիպի վրա ազդում են նաև այլ գործոններ՝ շրջակա միջավայրը, տարած հիվանդությունները, վնասակար սովորությունները և այլն։
Օրինաչափություն է՝ բարձրահասակ ծնողներից ավելի հաճախ բարձրահասակ երեխաներ են ծնվում, իսկ կարճահասակներից՝ կարճահասակներ, սակայն հենց այստեղ չպետք է մոռանալ արտաքին գործոնների մասին։
Երեխայի բարձր հասակը բժշկական տեսանկյունից պրոբլեմատիկ չի համարվում, սակայն չափազանց բարձր հասակը կարող է որոշակի հիվանդության ախտանիշ լինել։ Շատ բարձր հասակի հիմնական պատճառներից են էթնիկ պատկանելությունը, մետաբոլիկ խանգարումները՝ օրգանիզմում աճի հորմոնի գերարտադրությունը, Կլայնֆելտերի համախտանիշը, երբ արական սեռի մոտ հավելյալ X քրոմոսոմ կա, չափազանց վաղաժամ սեռական հասունացումը, աճի հորմոնի գերարտադրությամբ պայմանավորված Ակրոմեգալիա հիվանդությունը, հիպոֆիզի ուռուցքը, ճարպակալումը, Մարֆանի համախտանիշը։
Եթե աճի խանգարումները գենետիկայով են պայմանավորված, ապա դա կանխել հնարավոր չէ, սակայն եթե պայմանավորված են այս կամ այն հիվանդությամբ ու դրա սիմպտոմն են, ապա հնարավոր է՝ հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու և արդյունավետ բուժվելու, պատճառը վերացնելու շնորհիվ։
Իսկ ինչու՞ են մարդիկ շատ ցածրահասակ լինում։ Գաճաճությունը հիվանդություն է, կոչվում է հիպոֆիզային նանիզմ, առաջանում է աճի հորմոնի՝ սոմատոտրոպինի ոչ բավարար քանակի պատճառով։ Եթե օրգանիզմում բավարար չափով սոմատոտրոպին չի արտադրվում, ապա ոսկրերի ու ներքին օրգանների ձևավորումը ժամանակից շուտ է ավարտվում։
Գաճաճ են համարվում տղամարդկանց դեպքում՝ 130 սմ և ավելի ցածր հասակ ունեցողները, կանանց դեպքում՝ 120 սմ և ավելի ցածր հասակ ունեցողները։ Իսկ մարդու ոչ բնականոն բարձր հասակը 2,1 մետրից 2,7 մետրն է։
Գաճաճության՝ հիպոֆիզային նանիզմի հիմնական պատճառներն են գենետիկ նախատրամադրվածությունը, էնդոկրին համակարգի թերզարգացած օրգանները՝ հիպոֆիզի գեղձը և հիպոթալամուսը, բակտերիալ կամ վիրուսային վարակները, որոնք ազդել են կենտրոնական նյարդային համակարգի վրա, գլխուղեղի տրավմաները կամ վիրահատական միջամտությունը, ուռուցքները, սոմատոտրոպինի նկատմամբ ցածր զգայնությունը, ժառանգականությունը։
Հիվանդության նշանները ոչ թե միանգամից են երևում, այլ 3-4 տարեկանից, երբ տարվա ընթացքում երեխայի հասակը սահմանված 7-8 սանտիմետրից ավելի քիչ է աճում։ Կարող են լինել գլխացավեր, սրտխառնոց, տեսողության հետ կապված խնդիրներ։ Հիպոֆիզային նանիզմի դեպքում մարմնի համամասնությունները սովորաբար պահպանվում են, արտաքին փոփոխությունները դեմքի վրա են երևում՝ բնորոշ լայն ճակատ և քթի ներս ընկած կամրջակ․ հիվանդության նշաններից են օրգանիզմում ճարպի անհավասար բաշխումը, գունատ մաշկը, թերզարգացած մկանները։ Ինտելեկտուալ զարգացվածության առումով գաճաճ մարդիկ նորմալ հասակ ունեցողներից չեն տարբերվում։
Ժամանակակից հասարակությունում ինչպես հսկաները՝ չափազանց բարձր հասակ ունեցող մարդիկ, այնպես էլ գաճաճները, որոնց կոչում են լիլիպուտներ, կարողանում են լիարժեք կյանք վարել և իրենց տեղը գտնել հասարակությունում՝ չնայած կենցաղում ոչ բնականոն հասակի հետ կապված տարատեսակ բարդություններին։ Մարդը հասկացել է՝ անհատականությունն իր ամենամեծ առավելությունն է, յուրաքանչյուրի մեջ կարելի է գտնել այն առանձնահատուկ հատկանիշը, որն արժանի է ուշադրության ու հարգանքի։ Մարդն առաջին հերթին պետք է սովորի հարգել ինքն իրեն, բարձր գնահատել իր անհատականությունը։ Այդ դեպքում արտաքին թերությունները կդադարեն թերություն համարվել և կընկալվեն որպես առանձնահատկություն՝ ընդգծող մարդու անհատականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։