09/04/2022 16:07
ՌԴ-ն ասում է, որ ինչ էլ Փաշինյանն ու Ալիևը խոսեն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուզեն թե չուզեն, Մոսկվան, միևնույն է, լինելու է ՄԽ ֆորմատում. Քաղտեխնոլոգ
Aysor.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
- Պարոն Հակոբյան, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայտարարել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համագործակցել Ռուսաստանի հետ։ Արդյոք սա կարող է հանգեցնել ՄԽ ձևաչափի չեղարկմանը։
- Այս ամենում բավականին հետաքրքիր մեկ բան կա. գիտենք՝ Լավրովն ինչ ասաց, բայց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փաստացի նշեց, որ իր տվյալներով՝ միջազգային ասպարեզում ՄԽ ֆորմատի շուրջ հետաքրքրությունը մեծ է։ Ըստ էության՝ նրա ասածն ուղղակի հակասեց Լավրովի ասածին։ Այսինքն՝ խոսքը հիմա գնում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի «թաղման», այլ համանախագահության ֆորմատի նկատմամբ անվստահության մասին։ Այս պահի դրությամբ, եթե Լավրովի ասածի վրա հիմնվենք, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի հետ այժմ հնարավոր չէ աշխատել։
Իրականում, իմ տպավորությամբ, խոսքը գնում է մրցակցության մասին։ Այն նախաձեռնությունը, որ կա պատերազմից հետո Ռուսաստանի ձեռքում, փորձ է արվում խլել՝ ուղղորդելով դեպի Արևմուտք։ Արարատ Միրզոյանի ասածը հենց դա էր նշանակում, որ Մինսկի խմբի ֆորմատի նկատմամբ դրսում հետաքրքրություն կա, և որևէ մեկը կասկածի տակ չի դնում այդ ձևաչափը, բայց հայտարարում են, որ հիմա ռուսների հետ աշխատելու ցանկություն չունեն։
Մյուս կողմից, եթե Արևմուտքը ՄԽ գործունեության սառեցման պատճառ տեսնում է Ռուսաստանի գործոնը, դա նշանակում է, որ, ամեն դեպքում, Արևմուտքը, կամա թե ակամա, հասկացնում է, որ իր համար Արցախի հարցը համարյա փակված է։ Եթե չկա ՄԽ ֆորմատ, դա նշանակում է, որ, կամա թե ակամա, առաջ է տարվում Ալիևի թեզը, որ ԼՂ հակամարտության հարցը վաղուց փակված է, որ Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր գոյություն չունի, և, բնականաբար, Մինսկի խումբն իր համանախագահներով սպառել է իր լիազորությունները։
Այսինքն՝ այստեղ դիվանագիտական բավականին լուրջ խորամանկություններ կան, որոնք տորպեդավորում են ՄԽ ձևաչափի վերադարձը խաղի մեջ։ Դա, ըստ էության, նպաստում է Ադրբեջանի ծրագրերին և շահերին։
- Պարոն Հակոբյան, նշեցիք, որ 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնողությունը Ռուսաստանի ձեռքում է։ Արդյոք ՌԴ-ն հեշտությամբ կզիջի այն՝ թույլ տալով, որ նախաձեռնողականությունը տանեն իր ձեռքից։
- Ռուսաստանն, ըստ էության, ասում է, որ անկախ նրանից՝ կա՞ Մինսկի խումբ, թե չկա, ամեն ինչ ընթանալու է մինչ այժմ ստորագրված երեք խումբ փաստաթղթերի տիրույթում, այդ կետերով, և Ռուսաստանը, որպես այդ պրոցեսի միջնորդ և երաշխավոր, շարունակելու է լինել իրավիճակի տերը։ Ռուսաստանն ասում է, որ ինչ էլ Փաշինյանն ու Ալիևը խոսեն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուզեն թե չուզեն, Մոսկվան, միևնույն է, լինելու է ՄԽ ֆորմատում, և ամեն բան լինելու է այն համաձայնությունների տրամաբաանության մեջ, որոնք ստորագրվել են համանախագահող երեք երկրների կողմից։
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը լիարժեք վերականգնվի, և ԼՂ հակամարտության կարագավորման գործընթացում ռեալ արդյունքներ գրանցվեն։
- Դա մի քիչ հեռու է, որովհետև պետք է հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում «ճգնաժամի ավարտ» հասկացությունը։ Կրակի դադարեցումը կամ նույնիսկ պատերազմի ավարտը, որի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, դեռ չի նշանակի, որ միջազգային տարբեր ձևաչափերում հարաբերությունները նորից վերադառնալու են մինչպատերազմյան վիճակին։
Իհարկե, չեմ բացառում, որ երբ հարաբերություններում պարզություն լինի, աշխարհակարգի նոր կանոններ սահմանվեն և նոր կարմիր գծեր գծվեն, որոշ հին ֆորատներ կարող են վերադառնալ։ Կարելի է ենթադրել, որ նման բան կարող է լինել։
Բայց հիմա ուզում հիշեցնել երեկ Լավրովի կողմից հնչեցված բավականին կոշտ հայտարարությունը, որը ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք կա ՀՀ ղեկավարության վարած քաղաքականության նկատմամբ։ Լավրովը, մասնավորապես, ասաց, որ իրենք համոզված են՝ ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ Հայաստանում կա մեծ վստահություն, և այն հայտարարությունները, որ Փառուխի հայտնի դեպքերից հետո պետք է խաղաղապահների գործունեության առնչությամբ ինչ-որ հետաքննություններ անցկացվեն, չեն արտացոլում ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ ղեկավարության կարծիքը։
Մինչդեռ հետաքննության թեման անընդհատ հնչեցնում է ոչ այլ ոք, քան անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է, որ դա շատ է նյարդայնացնում Ռուսաստանին՝ մանավանդ այս շրջանում, երբ նա խրված է աշխարհաքաղաքական պրոբլեմների մեջ։ Այդ պարագայում և՛ Ադրբեջանը, և՛ արդեն Հայաստանը կասկածի տակ են դնում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետությունը։