09/04/2022 12:26
Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է
Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը:
2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի ականավոր և վաստակաշատ գործիչներ, կինոյի մասնագետներ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի շենքի վերակառուցումն իրականացվել է երկու տարվա ընթացքում:
«Զարգացում ապահովելու համար ենթակառուցվածքների ստեղծումը կարևոր պայման է, բայց ավելի կարևոր պայման է բովանդակության ստեղծումը: Մենք լիահույս ենք, որ նման կենտրոնի ստեղծմամբ կարողանալու ենք ավելի արդյունավետ համագործակցել միջազգային գործընկերների հետ` ստեղծելով նոր կապեր և զարգացման հնարավորություններ` ի նպաստ հայկական կինոյի զարգացման»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոր կենտրոնի բացումը համարել է ձեռքբերում` ընդգծելով, որ ամենալայն միջազգային հարաբերություններ ձևավորող արվեստի ճյուղը` կինոն, այլևս ունի այդ հարաբերություններին վայել և հարիր միջավայր:
«Վերջին երկու-երեք տարիներին մշակութային կազմակերպություններում պետության կողմից իրականացվող աննախադեպ կապիտալ ներդրումները պետական վերաբերմունքի հստակ դրսևորում են և ամբողջացնում են մշակութային քաղաքականությունը: Մինչև տարեվերջ մենք առիթներ ենք ունենալու ներկա գտնվելու նմանօրինակ այլ միջոցառումների և շնորհավորելու միմյանց` պետական հատկացումների շնորհիվ նոր, ավելի քաղաքակիրթ իրականություն թևակոխելու համար: Մեր ցանկությունն է, որ կինոժառանգության թվայնացման, կինոյի միջազգայնացման և, ամենակարևորը, կինոկրթության ուղղությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր լուրջ դերակատարումն ունենա»,- նշել է Ա. Խզմալյանը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն ապահովվել է նոր միջավայրով, որը կարևոր է կինոյի ոլորտի արտադրանքի հանրահռչակման և ըստ արժանվույն ներկայացման համար:
«Մեր կինոգործիչներն առաջ են քաշում բազմաթիվ հարցեր` կապված տարբեր խնդիրների, մասնավորապես կինոժառանգության թվայնացման հետ: Մենք հավատում ենք, որ այս հրաշալի, նոր և տրամադրող միջավայրն անպայման նպաստելու է կինոարտադրության նորովի զարգացմանը: Մենք մոտենում ենք հայկական կինոյի 100-ամյակին, որը պետք է դիմավորենք արժանապատիվ` առաջին հերթին լուծելով առաջնային կարևոր խնդիրները»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է, որ նախկին «Հայֆիլմ» կինոստուդիան «Հայաստանի ազգային կինոկենտրոն» վերանվանվելուց հետո` 2006 թվականից ի վեր, իրենք գործունեություն են ծավալել վարձակալած տարածքներում:
«Այսօր վերջապես մենք վերադարձել ենք մեր տուն: Դեռևս 1920-ական թվականների վերջին այստեղ կառուցվել է փակ կինոտաղավար, որը խորհրդային տարիներին երրորդն էր իր մեծությամբ: Հետագայում, երբ տարածքում կառուցվեց բնակելի շենք, մեզ այստեղից հատկացվեց փոքր տարածք, որտեղ երկար տարիներ չկային ներդրումներ, և մենք չունեինք պայմաններ: Այժմ մենք վերջապես ունենք աշխատանքային պայմաններ»,- փաստել է Շ. Միրզախանյանը` կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով գումար է հատկացվել կինոկենտրոնի 147․6 քմ մակերեսով տարածքի նախագծահաշվարկային, վերականգնման, վերակառուցման և կահավորման աշխատանքների համար։
ՀՀ կառավարության աջակցությամբ ընդհանուր առմամբ 2019-2021 թթ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գրասենյակի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 126958.8 հազ. ՀՀ դրամ:
2022 թ․ հունվարի 1-ից արդեն Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը շարունակում է նոր ու հիմնական՝ Տերյան 3ա հասցեում։