09/04/2022 19:15
Արևմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել, ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է․ այս ծրագրի շրջանակում «պարտնյորները» Հայաստանում Արցախի դրոշն են պղծում․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այս շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին վերլուծել է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի պահվածքն ու վեր հանել Երևանի կենտրոնում Արցախի դրոշը նրանց կողմից պղծելու քաղաքական դրդապատճառները։
«Ինչո՞ւ պղծեցին Արցախի դրոշը ․ իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։
Արևմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է, թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն ու բնական շահերի վրա հիմնված սովորական քաղաքականություն է՝ բոլորն այդպես կվարվեին։
Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղել, ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։
Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը՝ ստեղծել կոնֆլիկտ, և Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։
Բայց ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում, պետք է տեղական «պարտնյորներ» ունենալ։ Այս ծրագրի շրջանակում «պարտնյորները» Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը «զոնդաժ» անելու, Ադրբեջանին ոգևորելու ու նաև նրա համար պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք ստեղծելն է. «Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»։
Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք' casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։
Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։
Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու թշնամու համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է»,- գրել է քաղաքագետը։