09/04/2022 14:23
Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը. Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է. Հայկ Խանումյան
Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է, նույն ռազմական դաշինքի անդամ, իրականացնում է խաղաղապահ առաքելություն Արցախում:
«Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները:
Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին): Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ:
Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Խանումյանը: