11/04/2022 16:10
Ինչո՞ւ են Հայաստանում սկսել ավելի շատ ամուսնալուծվել. պարզաբանում է հոգեբանը
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2010-2020թթ. գրանցված ամուսնությունները Հայաստանում նվազել են 32,3 տոկոսով, իսկ ամուսնալուծություններն, ընդհակառակը, ավելացել են 5 տոկոսով։
Վերջին տարիներին փոփոխվել է նաև ամուսնացողների միջին տարիքը. թե’ կանայք, և թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում, քան նախկինում։
Aysor.am-ի թղթակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանից փորձեց պարզել՝ ինչի՞ հետևանք կարող են լինել այս միտումները, և սոցիալ-տնտեսական ի՞նչ գործոններ կարող են նպաստել դրանց։
Հոգեբանի խոսքով՝ 21-րդ դարում թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ ավելի և ավելի ինքնուրույն են դառնում՝ ամուսնանալու մասին մտածելով միայն այն ժամանակ, երբ պրոֆեսանալ կյանքում զգալի հաջողությունների են հասել։
«Երիտասարդները ձգտում են մասնագիտության մեջ կայանալ, ֆինանսապես առավել ինքնուրույն դառնալ։ Սա ընդհանուր միտում է՝ հատուկ ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին։ Այո՛, եթե մարդիկ ուզում կարիերայում ինչ-որ նվաճումների հասնել, պետք է պատրաստ լինեն անձնական կյանքից մի քանի տարի զոհաբերել»,- ասաց հոգեբանը։
Ինչ վերաբերում է ամուսնալուծությունների թվի աճին, ըստ Կարինե Նալչաջյանի, սա ևս հետևանք է կնոջ կամ ամուսնու ինքնուրույության սահմանափակման։
«Ինչ-որ փոքր բանից, մանավանդ ամուսնության առաջին 2 տարում, զույգերը կարող են ուժեղ վիճաբանության մեջ մտնել, որն էլ կարող է հանգեցնել բաժանության։ Առաջին 2 տարին ադապտացիոն շրջան են համարվում, և հետո զույգերն անգամ զարմանում են, որ ամուսնալուծվելու միտք են ունեցել»,- նշեց մասնագետը։
Անդրադառնալով զուտ հայկական իրականության մեջ ամուսնալուծությունների թվի աճին՝ հոգեբանը նպաստող գործոններից մեկը մատնանշեց սոցիալ-տնտեսական պայմանները։
«Բոլորս գիտենք, թե մեր կյանքում, ինչ խոր ճգնաժամանային երևույթներ են՝ նաև տնտեսական իմաստով։ Ընտանիք ստեղծելը պատասխանատու գործ է, բայց քանի որ երիտասարդները տեսնում են, որ չեն կարող արժանապատիվ համատեղ կյանք կառուցել, գերադասում են հետաձգել ամուսնությունը։
Մեկ այլ դեպքում, եթե զույգն արդեն իսկ ամուսնացած է, և կինը կամ ամուսինն աշխատանք չեն գտնում, կարիքը հաճախ դրդում է ամուսնալուծության։ Որտեղ կա կարիք, նյութական բարեկեցության ամենաանհրաժեշտ պայմանների բացակայություն, այդտեղ մարդկային հարաբերությունների վրա ամպայման ստվեր է ընկնում։
Նույնիսկ շատ կապված, իրար սիրող ամուսիններն ինչ-որ պահի բախվում են կենցաղային լուրջ խնդիրների, ինչն էլ կարող է հարաբերությունները խզելու խթան դառնալ։ Որքան էլ սերը, նվիրվածությունն ու հարգանքը տեղ ունեն ընտանիքում, մենք բոլորս մարդիկ ենք, և կենցաղը մեր կյանքում շատ բան է փոխում»,- ասաց Կարինե Նալչաջյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։