11/04/2022 17:00
Պարկինսոնի հիվանդություն. առաջացման պատճառները, ախտանշանները
Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվ հիվանդություն է. հիմնականում դրսևորվում է կամայական շարժողական ֆունկցիաների և գործողությունների խանգարումներով: Հիվանդության դասական նկարագիրը տրվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի կողմից 1817թ. (նրա անունով էլ կոչվել է հիվանդությունը):
Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը գլխուղեղի սև նյութում (substantia nigra) դոֆամին արտադրող նեյրոնների քանակի նվազումն է և/կամ ոչնչացումը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան Վահե Շաքարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշում է Պարկինսոնի հիվանդության հիմնական կլինիկական դրսևորումները՝
- հանգստի դող, որը հիմնականում լինում է միակողմանի, վերին վերջույթներում և հիշեցնում է «դրամ հաշվելու» գործողություն
- բրադիկինեզիա` շարժումների դանդաղում
- մկանային կարկամություն` մկանային տոնուսի բարձրացում, ձգվածության զգացում
- պոստուրալ խանգարումներ` հիվանդները հաճախակի վայր են ընկնում
Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է`
- դեմքի «դիմականման» արտահայտությունը, որը գրեթե զուրկ է դիմախաղից
- մարմնի դեպի առաջ թեքված՝ կռացած դիրքը
- ձեռքերը կիսածալված են և հպված իրանին
- ոտքերը կիսածալված են ծնկան հոդերում
- քայլերը մանր են՝ «տիկնիկի» քայլվածք
Պարկինսոնի հիվանդության դեպքում հիմնական ախտանիշներից բացի կարող են լինել`
- ձայնի փոփոխություն
- ձեռագրի փոփոխություն` միկրոգրաֆիա
- հոտառության կորուստ
- վեգետատիվ նյարդային համակարգի խափանում` դեմքի մաշկի կարմրություն, թեփոտում, ճարպոտում
- կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում` միզակապություն, փորկապություն
- խուճապ, տագնապ, դեպրեսիա
Չնայած որ Պարկինսոնի հիվանդությունը ամբողջությամբ չի բուժվում, այնուամենայնիվ, չափազանց կարևոր է վերը թվարկված ախտանիշները և հիվանդությանը բնորոշ դրսևորումները նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի. անհատական բուժման պլանը կկանխի և կմեղմի հիվանդության զարգացման ընթացքը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։