11/04/2022 11:40
«Կտեսնենք՝ ով է խաղում, ինչքան է խաղում». ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են բացառել կանխիկ տարբերակով բուքմեյքերական հաշիվներ լիցքավորելը
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը ներկայացնող ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասաց, թե այսօր բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լիցքավորել 3 եղանակով, կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից։
Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունելուց 10 օր հետո հանել բուքմեյքերական հաշիվը կանխիկ ձևով լիցքավորելու տարբերակը։
«Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Այսինքն, օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն անկանխիկ եղանակով։ Այսպիսով, փորձում ենք ինչքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարեցնել կամ թափանցիկ դարձնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների՝ դրանց հասանելիությունը։ Այս տարբերակով նաև թափանցիկացնում ենք և կտեսնենք՝ ով է խաղում, ինչքան է խաղում, և սա հետագայում հնարավորություն է տալու որոշակի քաղաքականություն իրականացնել», - ասաց Պապոյանը։