11/04/2022 19:41
Եթե այսպես շարունակվի, նորից ՀՆԱ-ի աճի նվազման կանխատեսում ենք ունենալու, այս տարվա ավարտին զրոյական աճ կամ նույնիսկ տնտեսական անկում ենք գրանցելու. Թադևոս Ավետիսյան
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,3 տոկոսից իջեցնելով 1,2 տոկոսի՝ Համաշխարհային բանկը շատ բացասական կանխատեսումը է արել, սակայն, ցավոք սրտի, իրողությունն է այդպիսին։ Մտահոգությունն այն է, որ նվազեցումը շեշտակի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ինքնին պարզ է, թե ՀԲ-ում ինչ պրոֆեսոնալ թիմ է աշխատում, և կանախատեսումները բազմակողմանի վերլուծությունների հիման վրա են իրականացվում։
Երկրորդ բացասական առումն այն է, որ ընդամենը վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 1,5-1,6 տոկոս, բայց Համաշխարհային բանկը շատ կարճ ժամանակահատվածում, փաստորեն, նվազեցրել է կանխատեսման ցուցիչը։ Սա այն բանի ֆոնին, երբ մոտավորապես մեկ ամիս առաջ՝ հունվար-մարտ ամիսների կտրվածքով, մենք ունեինք բավականին բարձր տնտեսական ակտիվություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այն անորոշությունները, որոնք հնագեցրել են ՀՆԱ-ի աճի նվազման, շարունակում են պահպանվել և խորանալ, այդ թվում՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված, գումարած մեր տարածաշրջանում առկա անորոշությունները։
«Սակայն մենք չունենք հակաճգնաժամային համապարփակ ծրագիր, որը պետությունը պետք է գործադրի։ Սա էլ երրորդ բացասական կողմը։ Այսինքն՝ճգնաժամը խորանում է, անորոշությունները շարունակվում են պահպանվել, սակայն պետական քաղաքականությունը համարժեք չէ՝ հակազդելու այս ճգնաժամային իրողություններին։
Այսպիսի իրավիճակներում ուղղակի պոպուլիզմով առաջնորդվելը և իրական օրակարգից շեղումները վիճակն ավելի են բարդացնելու։ Եթե այսպես շարունակվի, մենք, ցավոք, նորից ՀՆԱ-ի աճի նվազման կանխատեսում ենք ունենալու, այս տարվա ավարտին զրոյական աճ կամ նույնիսկ տնտեսական անկում ենք գրանցելու»,- ասաց տնտեսագետ-պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է արագ, իրավիճակից բխող փոփոխություն իրականացնել, վերանայել ծախսերը։
«Երկրորդ կարևոր անհրաժեշտությունը, որը տեսնում ենք պետբյուջեի վերանայման մասով, ռիսկերի դիմագրավումն է։ Պետական հստակ աջակցություն է պետք դեպի ՌԴ արտահանումներ կատարողներին, ինչպես նաև գնաճի ֆոնին անհրաժեշտություն կա սոցիալական որոշակի խմբերի համար մեղմող ծրագրեր իրականացնել։ Պետք է վերանայվեն նաև մեր անվտանգային ծախսերը՝ դառնալով առաջնահերթություն։
Ցավոք, այն կանխատեսումները, որոնք կային պետական բյուջեի նախածի քննարկման փուլում՝ մասնավորապես 7 տոկոսանոց տնտեսական աճի մասով, դեռ այն պահին անիրական էին»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։