11/04/2022 16:22
Հիպոթետիկ 1 տոկոսով պակաս աճը նշանակում է, որ պետությունը, ձեռնարկատերերն ու վարձու աշխատողները 70 միլիարդ դրամ չեն ստանա. տնտեսագետը՝ Հայաստանի մասով ՀԲ-ի կանխատեսման մասին
Հայաստանյան տնտեսության անկման մասով Համաշխարհային բանկի կանխատեսումներին կարելի է վերապահումով մոտենալ, քանի որ ՀՆԱ-ի նվազման մասին իր կանխատեսումը Համաշխարհային բանկը երկու շաբաթից կարող է վերանայել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Բոլոր կանխատեսումները պայմանավորված են ռուսական տնտեսությունում հնարավոր զարգացումներով։ Մենք այսօր զգալի արտահանումներ ունենք դեպի Ռուսաստան, առկա են ներմուծումներ, որոնք անմիջականորեն ազդում են ՀՀ տնտեսության վրա։ Հիմա, եթե ռուսական տնտեսությունն անկում ունենա 10 տոկոսով, մենք կունենանք մի իրավիճակ, եթե 15 տոկոսով՝ բոլորովին այլ իրավիճակ, եթե 15 տոկոսով՝ երրորդ իրավիճակ։
Որպեսզի պատկերացնենք, թե ստեղծված իրավիճակը մեզ ինչ կարժենա, կարող ենք պարզ հաշվարկ անել. Հայաստանի ՀՆԱ-ն վերցնենք 7 տրիլիոն դրամ։ Դրա 1 տոկոսը կկազմի 70 միլիարդ դրամ, այսինքն՝ 1 տոկոս կորցնելը տնտեսության վրա 70 միլիարդ է արժենում։
Եթե կոպիտ հաշվարկ կատարենք, ¼-ը վերցնենք պետական բյուջեի եկամուտներ, ապա դրան համապատասխան չափով պետբյուջեն եկամուտ չի ստանա, և համապատասխանաբար այդ մասով ծախսեր չեն արվի։ Այսինքն՝ տնտեսական աճի ամեն տոկոսով հավելաճը պետբյուջեի համալրմանը նպաստում է մոտ 17 միլիարդ դրամով։ 5 տոկոս աճը նշանակում է 80-90 միլիարդի հավելյալ եկամուտ։ Այսպես կարելի է գնալ-հասնել քաղաքացու եկամուտներին», - ասաց տնտեսագետը։
Արմեն Քթոյանի խոսքով՝ ՀՆԱ-ի աճի դանդաղումը նշանակում է, որ տնտեսությունը համապատասխան չափով փոքրանում է, իսկ տնտեսությունում ստեղծված հավելյալ արդյունքը 3 ուղղությամբ է կիսվում՝ պետությանը՝ հարկերի տեսքով, վարձու աշխատողներին՝ աշխատավարձի տեսքով և ձեռնարկատերերին՝ շահույթի տեսքով։
«Հիպոթետիկ 1 տոկոսով պակաս աճը նշանակում է, որ պետությունը, ձեռնարկատերերն ու վարձու աշխատողները, միասին վերցրած, 70 միլիարդ դրամ չեն ստանում»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այսօր էլ հայաստանյան տնտեսությունը վատ վիճակում է և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել։