11/04/2022 15:42
Արցախի ՄԻՊ-ից այցելել են Խրամորթից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին:
Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:
ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։