11/04/2022 18:10
Շաքարի փոխարինիչներ. արդյոք մի՞շտ են դրանք առողջության համար անվնաս. պարզաբանում է սննդաբանը
Շաքարի վնասակար հատկությունների մասին բոլորը գիտեն։ Իսկ ի՞նչ գիտենք շաքարի փոխարինիչների մասին. արդյոք բոլոր տեսակնե՞րն են առողջության համար անվտանգ։ Այս հարցի շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ։
- Գայանե՛, օրական առավելագույնը որքա՞ն շաքարավազ պետք է օգտագործի մարդը։
- Հնարավորինս քիչ, այդպիսի նորմ չկա։ Գլյուկոզայի քանակը ևս նորմ չունի, որովհետև այն օրգանիզմի համար ծայրահեղ կարևոր նյութ չի հանդիսանում, սակայն կախվածություն է առաջացնում։
- Որո՞նք են ամենաանվտանգ փոխարինիչները, որո՞նք են առավել վտանգավորները։
- Շաքարի հիմնական, օրգանիկ փոխարինիչը ստեվիան է։ Այն քաղցր համ ունեցող բույս է, դրա ցողուններից կենսահյութ է հանվում, կամ չորացվում-մանրացվում է՝ փոշու տեսքով և օգտագործվում։ Բայց այն ունի սպեցեֆիկ դառնահամ, շատ անգամ մարդիկ ասում են, որ այն, միևնույն է, շաքարին չի փոխարինում։
Կա ևս մեկ փոխարինիչ, որի գլիկեմիկ ինդեքսը շաքարի համեմատ շատ ցածր է՝ 70/15 հարաբերակցությամբ. դա տոպինամբուրն է՝ նույն ինքը՝ գետնախնձորի օշարակը։ Այն վերջերս շատ ակտուալ է դարձել, և համն էլ շատ ավելի մոտ է շաքարին։ Ես իմ հաճախորդներին հենց այդ փոխարինիչն եմ առաջարկում։
Ինչ վերաբերում է շաքարի վտանգավոր փոխարինիչներին, ապա դրանցից կառանձնացնեմ ասպարտամը, որը վերջին հետազոտություններում նշվել է որպես քաղցկեղի հարուցիչ։ Ասպարտամը լայնորեն օգտագործվում է գազավորված ընպելիքների մեջ, քանի որ բավականին մատչելի փոխաինիչ է։ Ոչ մի դեպքում խորհորդ չեմ տա այն օգտագործել։
- Գայանե՛, որքա՞ն է շաքարի փոխարինչների օրական թույլատրելի չափաբաժինը։
- Եթե դա ստեվիան է, որն ընդհանրապես գլիկեմիկ ինդեքս չունի, կարող է օգտագործվել անսահման քանակությամբ՝ բոլորի կողմից։ Եթե դա գետնախնձորի օշարակն է, ապա այն, թեկուզ ցածր, սակայն գլիկեմիկ ինդեքս ունի և կիլոգրամներով ուտել ցանկալի չէ։
Միջին քաշ և հասակ ունեցող մարդն օրական կարող է օգտագործել մոտ 100 գրամ։ Բայց եթե տվյալ անձն ունի շաքարային դիաբետ կամ ճարպակալում, դա պետք է նախապես հաշվի առնել, և միայն մասնագետը, հաշվի առնելով առկա տվյալները, որոշակի չափաբաժին կթույլատրի։
- Ո՞ւմ է ցուցված շաքարի փոխարինիչներ օգտագործել։
- Հիմնականում շաքարային դիաբետիկներին, ճարպակալմամբ տառապող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր որոշել են առողջ ապրելակերպ վարել։ Իսկ եթե ավելի ընդհանրական խոսենք, շաքարի օրգանական փոխարինիչները՝ ստեվիան և գետնախնձորի օշարակը, կարող են օգտագործել անգամ երեխաները, քանի որ դրանք վնասակար չեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։