12/04/2022 18:10
Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմամբ քաղաքացին անկառավարելի կերպով դեղորայք չի սպառի. Մասնագետ
Հանրային առողջապահության ոլորտում էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման պրակտիկան առնվազն 4 տարով ուշացել է, որովհետև ժամանակին, երբ այդ նորարարության ներդրման հաստատված քարտեզը կար, այն,միևնույն է, այդպես էլ չգործարկվեց։ Իսկ իրականում, էլեկտրոնային դեղատոմսերի կիրառությունն իրոք կարևոր գործընթաց է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Առաջինը, քաղաքացին անկառավարելի կերպով դեղորայք չի սպառի, ինչին ականատես եղանք քովիդի շրջանում, այլապես այդ ընթացքում մարդիկ զանգվածաբար ինքնաբուժությամբ էին զբաղվում։ Երկրորդ, քաղաքացին կվերադառնա դեպի բուժհիմնարկներ, կվերականգնվի բժիշկ-պացիենտ կապը, և մարդիկ ուղղակի չեն գնա դեղատուն և աշխատակցին չեն խնդրի նշանակում կատարել», - ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Մելիք-Նուբարյանը միաժամանակ հիշեցրեց 2018 թվականին ներդրված մեխանիզմը՝ որոշ դեղամիջոցներ բացառապես դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ։
«Բայց հետագայում այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությունը զրոյացավ, թեպետ արդեն 4 տարի է՝ այդ օրենքը գործում է։ Ոչ ոք օրենքի գործարկումը չի արգելել կամ չի հետաձգել, բայց այն ակնհայտորեն չի կիրառվում։
Քովիդային փորձը հուշում է՝ մեծ վտանգ կա որ սա կլինի հերթական շատ լավ գաղափարը, բայց իրական կյանքում հանրային առողջության բնագավառում ոչինչ չի փոխի», - ասաց մեր զրուցակիցը։
Մասնագետի խոսքով՝ եթե էլեկտրոնային առողջապահության ճանապարհային քարտեզն իմպլեմենտացվեր, ապա բժիշկների աշխատանքից շատ ժամանակ խլող թղթաբանությունը գործնականում արդեն վերացված կլիներ, մինչդեռ առաժմ տեսանելի չէ, որ էլեկտրոնային առողջապահության ներդրումը պետության համար իրական առաջնահերթություն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։