12/04/2022 19:30
Ջրազրկման առաջացման պատճառները, ախտանշանները, հետևանքները
Ջրի՝ օրգանիզմ ներմուծվող սննդանյութերի նոսրացնող հատկությունը երաշխավորում է օրգանիզմի կենսագործունեությունը։ Մարդու օրգանիզմը 65 տոկոսով բաղկացած է ջրից։ Ջրազրկում առաջանում է, երբ օրգանիզմը ֆունկցիոնալ գործունեության համար չի ստանում բավարար քանակի հեղուկ, այսինքն՝ ավելի շատ հեղուկ ծախսում է, քան ստանում։
Ջրազրկման առաջին ցուցիչը ծարավն է, այն չհագեցնելու դեպքում օրգանիզմում հեղուկի քանակը ավելի է նվազում, որպես հետևանք կարող են լինել ուշաթափություն, հալյուցինացիաներ (օրգանիզմում ջրի նվազումը, աղերի կոնցենտրացիաների բարձրացումը առաջացնում են ծարավ):
Ջրազրկման երեք հիմնական աստիճան է առանձնացվում՝
- թեթև
- միջին
- ծանր
Թեթև կամ միջին աստիճանի ջրազրկումը դրսևորվում է բերանի չորությամբ, մաշկի չորությամբ, մեզի քանակի նվազմամբ, մեզի մուգ գույնով։
Ծանր աստիճանն արտահայտվում է թուլությամբ, հոգնածությամբ, գլխապտույտներով։ Կրիտիկական ջրազրկման դեպքում օրգանիզմի կենսագործունեությունը խափանվում է. ջրազրկման այս աստիճանն անհամատեղելի է կյանքի հետ։
Ջրազրկման պատճառներ կարող են լինել բարձր ջերմությունը, լուծը, փսխումները, առատ քրտնարտադրությունը, արևահարվելը։ Նպաստում են նաև ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը (այս դեպքում ակտիվորեն ծախսվում է գլիկոգեն, դրա հետ մեկտեղ նաև շատ հեղուկ), ալկոհոլային խմիչքների օգտագործումը (ալկոհոլը միզամուղ հատկություն ունի), գրգռված աղու համախտանիշը (արտահայտվում է փորլուծությամբ)։ Ջրազրկման վտանգը մեծ է նախադաշտանային, ինչպես նաև հղիության շրջանում։
Երեխաների դեպքում ջրազրկումն առավել վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ. պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով (նյութափոխանակության ինտենսիվություն), ինչպես նաև երեխան հաճախ չի գիտակցում ծարավի զգացումը։ Երեխաների դեպքում ջրազրկման ախտանիշները դրսևորվում են բերանի, մաշկի չորությամբ, մեզի քանակի նվազմամբ, մեզի գույնի մգացմամբ, երեխայի շարժունակության նվազմամբ։ Կարող է թուլանալ զարկերակի ռիթմը, շնչառությունը, մթագնել հայացքը։
Ջրազրկումից խուսափելու արդյունավետ, պարզ տարբերակը պարբերաբար ջուր խմելն է. կարևոր է աչքի առջև մշտապես ջրի տարա ունենալ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։