12/04/2022 20:00
Ծծակի օգտագործումը երեխայի կյանքի առաջին փուլում. Խորհուրդներ մասնագետից
Ծծակի դրական և բացասական ազդեցության մասին կարծիքներն ու պնդումները հակասական են։ Մասնագետների մի մասն այն մերժում է, իսկ որոշներն օրինակներով ցույց են տալիս դրա դրական ազեցությունը փոքրիկի կյանքի առաջին ամիսներին։
Ծնողավարման և քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանի հետ զրույցում Aysor.am-ը անդրադարձավ ծծակի օգտագործման դրական և բացասական ադեցությանը։
Ծծակի հարցն ամենաքննարկվողներից ու ամենակոնֆլիկտայիններից է։ Ծծակը և մյուս շշերը կարող են լինել և՛ մայրիկին օգնող ու փոքրիկին հանգստացնող ասոցացիա, և՛ ուժեղ ասոցացիա՝ ունենալով բացասական ազդեցություն. երեխան կարող է արթնանալ գիշերը, պահանջել այն մայրիկից, և այս դեպքում արդեն գործ ունենք նեգատիվ էֆեկտի հետ։
«Կարևոր է ծծակը ներմուծել կրծքով կերակրումը կարգավորելուց հետո՝ դեպի 1-2 ամսական, քանի որ մինչ այդ երեխան, եթե ծծակ օգտագործի, կուրծքը բռնելու հետ խնդիրներ կունենա, քանի որ ծծակն իր սովորական կայուն տեսակն ունի, իսկ կրծքի դեպքում այն տարբեր է լինում և երեխան սովորելով սիլիկոնին կամ լատեքսին, սկսում է դժվարությամբ ադապտացվել կրծքին և հետևաբար տուժում է կրծքով կերակրումը»,-ասաց մասնագետը։
Աստղիկ Նադիրյանը մայրիկներին խորհուրդ է տալիս՝
Երբ որոշում ենք ծծակ ներմուծել, այնպես արեք, որ այն չդառնա ամեն լացի հանգստացման միջոց ( այդ պարագայում ծծակ տալով չեք հասկանա, թե լացի հիմքում իրականում ինչն է ընկած և որն է հիմնական պատճառը)։
Ծծակը հանգստացնող միջոցներից մեկն է՝ ինչպես գրկելը, կուրծքը, քայլելը, դա դառնում է նաև օգնական. եթե այդ պահին չեք կարողանում կրծքով կերակրել, կարող եք ծծակ տալ փոքրիկին։
Բոլոր բնական ասոցացիաների ժամանակ՝ ինչպիսիք են կրծքով կերակրումը, կամ օրորելը, չչարաշահել ծծակի օգտագործումը և երեխայի քուն մտնելուց հետո, անպայման բերանից հանել ծծակը։
Կաթնախառնուրդ ուտող երեխայի համար (երբ կուրծք չի վերցնում), ծծակը ունի բնական ռեֆլեքսի բավարարման դեր. «մատիկը ուտելու» պրոցեսը նույպես բնական է և դրա դեմ, նորածնային շրջանում հատկապես, պայքարել պետք չէ ։
Կարևոր է իմանալ նաև, որ ծծակի օգտագործումը մանկական հանկարծամահության համախտանիշը նվվազեցնող գործոններից մեկն է համարվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։