12/04/2022 14:28
Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկեց հավաքվել և վարքագծի կանոններ մշակել, հակառակ պարագայում կբախվեն ԱԺ-ի մշակած կանոններին (Տեսանյութ)
Պատսպարվելով խոսքի ազատության և ԶԼՄ-ների մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ վատ են պահում, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եվ այդ հարցով, կարծում եմ, մենք պետք է որոշում կայացնենք և որևիցե ձևով կարգավորենք լրագրողների գործունեությունը», - ասաց Սիմոնյանը։
Նա նշեց՝ ակնհայտ է, որ լրագրողների գործունեության վերաբերյալ հանրության մեջ կան շատ բացասական երանգներ.
«Պատգամավորը նույնպես պետք է հետևի էթիկայի կանոններին, բայց պատգամավորներին գնահատական տվողը ՀՀ քաղաքացին է»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանի պատճառով է, որ լրագրողների մասին կա այդպիսի վերաբերմունք, քանի որ նա էլ է լրագրող, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Երկակի ստանդարտներ պետք չեն։ Հավաքվեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ և ստիպված կլինեք ենթարկվել»։