12/04/2022 22:00
Եթե Հայաստանին գումար հատկացվի սպառազինություն ձեռք բերելու համար, մենք դա ոչ բարեկամական քայլ կհամարենք և համապատասխանաբար կարձագանքենք․ Ալիև
«Եթե Հայաստանին գումար հատկացվի սպառազինություն ձեռք բերելու համար, մենք դա ոչ բարեկամական քայլ կհամարենք և համապատասխանաբար կարձագանքենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցությանը։
Ալիևի խոսքով՝ այժմ ամենակարևոր խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է, իսկ Հայաստանը դրական է արձագանքել այդ գործընթացի շրջանակում Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներին։
«Հայաստանը դրականորեն արձագանքեց հարաբերությունների կարգավորման մեր 5 հիմնարար սկզբունքներին։ Ես ցանկանում էի այդ հարցը հստակեցնել Բրյուսելում կայացած հանդիպմանը և ստացա անհրաժեշտ պատասխանը։ Եթե Հայաստանն ընդունում է այդ 5 սկզբունքները, ապա դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- հայտարարել է Ալիևը։
Նա նշել է նաև, որ «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի հարցերով Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբերը կձևավորվեն մինչև ապրիլի վերջ, նրանք իրենց աշխատանքը «պետք է սկսեն հնարավորինս շուտ»։