12/04/2022 15:51
Զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կազատվեն պարտադիր զինծառայությունից, բայց ցանկության դեպքում կարող են նաև ծառայել. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները:
Առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որի՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:
Հայկ Սարգսյանի խոսքով`«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլշխավոր շտաբ, ինքը, սակայն, դեմ է եղել առաջարկին:
«Այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն», - ասաց պատգամավորը:
Սարգսյանի խոսքով` մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով. այս առաջարկը ևս հավանության չի արժանացել:
Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել: