12/04/2022 11:01
Ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործողություններով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորների դիտարկումներին, թե Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։
«Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը, պարտվողական քաղաքականությունը և Արցախից ձեռքերը լվալու և հրաժարվելու գործողությունները», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե ակնհայտ է՝ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։
«Իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով», - ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, բրյուսելյան վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է։
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր՝ նպատակահարմար չենք գտնում», - ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընթացիկ քառօրյա նիստին, առաջիկա օրերին լինելու են Արցախում, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում։