12/04/2022 23:03
Ռուսաստանը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Դեսպան
Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրը, Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ընդունելությանն ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հարավային Կովկասում անվտանգության և կայունության կարևոր երաշխավորն այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն է, որը հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և առկա եռակողմ մեխանիզմների միջոցով մեր երկրներն աշխատում են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանի խաղաղ զարգացման, նրա ներուժի իրացման, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար: Ինչպես բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ ազգային կարգավիճակում Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին», - նշել է նա։
Կոպիրկինն ասել է, որ ավանդաբար մեր փոխհարաբերությունների համալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում անվտանգության ոլորտը։
«Այս ոլորտում համագործակցությունը ստատիկ չէ, այն զարգանում է, ընդ որում՝ այնպես, որպեսզի մեր երկրների համապատասխան ներուժը առավելագույնս հարմարեցվի նոր իրողություններին ու մարտահրավերներին։ Որպես Հայաստանի առանցքային դաշնակից՝ Ռուսաստանը հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում», - ասել է դեսպանը։