12/04/2022 10:21
Ընդդիմությունը լքեց Ազգային ժողովը. մեկնում են Արցախ (Տեսանյութ)
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին. մեկնում են Արցախի ու Հայաստանի սահմանամերձ մարզեր:
Նա ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», - հայտարարեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունը անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները, ըստ նրա, հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - հայտարարեց նա:
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ: