12/04/2022 21:52
Բելառուսը խիստ սահմանափակել է նպարեղենի արտահանումը երկրից
Բելառուսն արգելել է աղի, շաքարի և նպարեղենի արտահանումը՝ երկրի սահմանամերձ շրջաններում դրա մեծ պահանջարկի պատճառով, հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
«Որոշումն ընդունվել է ներքին շուկան պաշտպանելու համար՝ շրջաններում նպարեղենի պահանջարկի մեծ աճի պատճառով․ ֆիզիկական անձինք մթերքը ձեռք են բերում մեծ՝ կոմերցիոն քանակով՝ Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս հանելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
Բելառուսի կառավարության որոշմամբ՝ այժմ երկրից ԵԱՏՄ տարածքից դուրս կարող է հանվել միայն 1 լիտր բուսական յուղ, 1 կգ աղ, նույնքան շաքար, ալյուր, ձավարեղենի մի քանի տեսակներ, 1-ական տուփ մսի, ձկան պահածո և խտացրած կաթ։ Բացառություն է կազմում միայն մանկական սնունդը՝ 3 տարա։