12/04/2022 20:30
Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում, և դրա հիմնական պատճառն Ադրբեջանի դիմադրությունն է. Քաղաքագետ
Կարելի է ասել, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում, և դրա հիմնական պատճառն Ադրբեջանի դիմադրությունն է,Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Պարզ է, որ իրավիճակը բարդացրել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ արտգործնախարարի՝ ապրիլի 8-ին Մոսկվայում արած հայտարարությունը հենց այդ մտավախությունների հաստատումն էր։
Պարզ է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտոնական հայտաարություններով, ինչպես նաև ՄԽ ֆրանսիացի նախագահի երևանյան այցով ազդակ են հղում Մոսկվային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է գոյություն ունենալ (սա, իհարկե, բխում է ՀՀ շահերից, որ նման այցեր ու հայտարարություններ լինեն), սակայն գործնական միջնորդական առաքելության մասին խոսելը բավականին դժվար է»,- ասաց քաղաքագետը։
Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է կենտրոնանա ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի պահպանման, այլ հենց Մինսկի խմբի պահպանման վրա։
«Որովհետև ՄԽ համանախագահության ձևաչափը հակամարտության տարիներին է ստեղծվել։ Ի սկզբանե համանախագահության ինստիտուտ գոյություն չի ունեցել։
Երևի պետք է վերադառնալ ակունքներին, որպեսզի կարողանանք ՄԽ-ն պահպանել որպես կառույց, որն իր մեջ կրում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների բանալին, այսինքն՝ սերտորեն փոխկապակցված է այն սկզբունքների հետ, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ԼՂ հակամարտությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայտարարել էր՝ ԱՄՆ--ը և Ֆրանսիան չե ցանկանում ՄԽ ձևաչափի շրջանակներում աշխատել Ռուսաստանի հետ։
Արդեն այսօր Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ Ֆրանսիան վերահաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն իր լիարժեք հավատարմությունը` որպես ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող։