12/04/2022 22:23
Եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելվում, վաղը չի բացառվում, որ մեկ այլ քաղաքական գործչի կամ հազարավոր մեր հայրենակիցների երթևեկը դեպի Արցախ արգելվի․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ ռուս խաղաղապահները Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չեն բացատրել Արցախ մուտքն արգելելու պատճառները։
«Ուղղակի մեր մուտքը ռուս խաղաղապահներն արգելել են, հատուկ ցուցակ էր տրված նրանց: Բայց մինչև հասնելը ռուս խաղաղապահներին, ճանապարհին ևս մեկ արտառոց դեպք արձանագրեցինք, որ Տեղ գյուղում` հայկական անցակետում սահմանապահ զինվորականներն ուղղակի պատգամավորների բոլոր անձնական տվյալները` անձնագրային տվյալները, ծննդյան ամսաթիվ, թիվ, տարեթիվ, ամբողջությամբ ճշգրտում էին` ենթադրաբար արձանագրելով, թե կոնկրետ որ պատգամավորներն են մեկնում Արցախ, և դրանից կարճ ժամանակ հետո արդեն ռուս խաղաղապահները նույն անուն-ազգանուններով, նույնիսկ հայրանունները անգիր հիշելով, ճշտում էին և ասացին, որ մեր մուտքն արգելված է», - մանրամասնել է պատգամավորը:
Գեղամ Մանուկյանը պատմել է, որ ժամեր շարունակ Աղավնո գյուղի մոտ գտնվող անցակետում են եղել, կապվել են Արցախի խորհրդարանի ղեկավարության հետ, և 5 խմբակցությունների ղեկավարները շտապել են այնտեղ, ապա ընդհանուր քննարկում են ունեցել:
«Վերահաստատել ենք մեր վճռականությունը Արցախի մեկուսացման, Արցախի հայաթափման դեմ պայքարում, բայց այս բոլոր փաստերի համադրումը վկայում է մեկ բան, որ սա պատահական չէր արված. այսօրվա Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանն ուղղակի հերթական ստվերային համաձայնությունն ունեն Ալիևի հետ՝ նաև տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու, որովհետև եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը չի բացառվում, որ կոնկրետ մեկ այլ քաղաքական գործչի, անհատի կամ հազարավոր մեր հայրենակիցների երթևեկը դեպի Արցախի Հանրապետություն արգելվի», - ասել է Գեղամ Մանուկյանը: