12/04/2022 19:00
Ո՞ր գույներն ու ոճերն են ինտերիերում այս տարի նորաձև. Պատասխանում է մասնագետը
Որքան էլ տարբեր ոճեր տարբեր գույներ են թելադրում, սակայն յուրաքանչյուր տարի ինտերիերում նորաձև է լինում այս կամ այն երանգը։
Թե որ երանգներ են առավել նախընտրելի 2022-ին, Aysor.am-ի թղթակիցը փորձել է պարզել ինտերիեր դիզայներ Լիանա Դավթյանից։
Մասնագետի խոսքով՝ այս տարի առավել նորաձև է համարվում մանուշակագույնը՝ իր երանգներով։ Այն հատկապես հարմար է ննջասենյակի համար, քանի որ կապույտի խմբին է պատկանում, իսկ կապույտը նպաստում է հանգիստ քնին։
Լիանա Դավթյանը միաժամանակ խորհուրդ տվեց ննջասենյակի պատերը ոչ մի դեպքում չներկել վառ գույներով՝ հատկապես կարմիրով, քանի որ հանգստի սենյակի համար այն չափազանց ակտիվ է։
Մասնագետը նկատեց, որ անկախ միտումներից՝ հայերը տան վերանորոգման ժամանակ նախընտրում են առավել պաստելային երանգներ՝ բեժ, փիրուզագույն, կանաչ և վարդագույն։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նախշավոր պաստառները, թե հարթ պատերն են նորաձև, ինտերիեր դիզայներն ընդգծեց՝ միանշանակ միատոն ներկված պատերը։
Անդրադառնալով կահույքին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ եթե երկու-երեք տարի առաջ բում էր համարվում լոֆթ ոճը, ապա այժմ այնքան էլ պահանջված չէ։
«Իհարկե, որոշ հաճախորդների համար լոֆթ ոճը հիմա էլ շարունակում է նախընտրելի մնալ, բայց առավել նորաձև է համարվում հանգիստ, մինիմալիստական կահույքը։ Ինչ վերաբերում է դասական կահույքին, ապա հիմա ավելի հետաքրքիր լուծումներ են ստացվում մոդեռն ոճի հետ համադրությունից։ Միայն դասական ոճը հաճախ շատ ծանր է լինում։
Հայաստանում բնակարանների կահավորման հարցում պակաս պահանջարկ ունի մինիմալիստական ոճը։ Այն հիմնականում նախընտրում են արտասահմանում որոշ ժամանակ ապրած կամ արտասահմանի հետ ակտիվ կապ ունեցող մարդիկ։ Դրան հակառակ՝ ինտերիերում հայերի շրջանում շարունակում են արդիական մնալ ոսկեզօծ, փայլուն դետալները։
Ամեն դեպքում, գլոբալ տենդենցների ֆոնին տարեցտարի Հայաստանում էլ ինտերիերում փոփոխություններ լինում են։ Ժամանակները նորն են թելադրում», - ասաց Լիանա Դավթյանը։
Մասնագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք Հայաստանում թանկ հաճույք է ինտերիեր դիզայն պատվիրելը։ Նրա խոսքով՝ գները շատ հարաբերական են, սակայն հիմնականում՝ հասանելի։ Որոշ մասնագետներ, ըստ ինտերիեր դիզայների, աշխատում են ք/մ սկսած 5-6 հազար, մյուսները՝ 10-15 հազար դրամից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։