12/04/2022 15:03
Հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում. ՀՀ-ում խաղադրույքների գումարը դարձել է 3.9 տրիլիոն. Գևորգ Պապոյան
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն առաջարկում է արգելել կանխիկ եղանակով, այդ թվում, վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների իրականացումը, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց կարգելվի նաև խաղադրույքների իրականացումը էլեկտրոնային դրամապանակների միջոցով:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանի խոսքով՝ կառավարության նպատակներից է շարունակաբար և հետևողականորեն պայքարել խաղամոլության դեմ:
«Նախագծի հիմնական թիրախը այն քաղաքացիներն են, որոնք գտնվում են սոցիալապես խոցելի վիճակում, բայց, միևնույն ժամանակ, խաղամոլություն ունեն, որի հետևանքով նրանց և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը շարունակաբար էլ ավելի է վատանում:
Նախագծով որոշակի սահմանափակումներ են իրականացվում», - ասաց նա:
Հայաստանում խաղադրույքներ հնարավոր է իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողով և անկանխիկ՝ բանկային հաշիվների միջոցով:
«Եթե օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա: Այնուհետև 6 ամիս հետո դուրս կգա նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը և մնում է միայն բանկային հաշվով, այսինքն՝ միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը, բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լինելու օրենքն ընդունվելուց հետո լիցքավորել միայն էլեկտրոնային փողի հաշվից կամ բանկային հաշվից, իսկ 6 ամիս հետո՝ միայն բանկային հաշվից», - ասաց Պապոյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսօր մի շարք քաղաքացիներ բանկային հաշիվներ չունեն և չեն էլ ուզում ունենալ:
Ըստ Պապոյանի՝ հաճախ քաղաքացիները պարտվում են այն գումարները, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում:
Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում էականորեն սահմանափակում են քաղաքացիների անարգել, հեշտ խաղալու հնարավորությունը: Պատգամավորը կոչ է անում խաղալու փոխարեն այդ գումարը ծախսել ընտանիքների սոցիալական բարեկեցության, կրթության և այլ հարցերի ուղղությամբ:
«Եթե մի քանի ամիս առաջ մեկ այլ օրենքի քննարկման ժամանակ այստեղ ասում էինք, որ հանրապետությունում շրջանառվող խաղադրույքների գումարը 3.2 տրիլիոն դրամ է, ապա մոտ մեկ շաբաթ առաջվա տվյալներով՝ դարձել է 3.9 տրիլիոն դրամ», - հավելեց պատգամավորը: