13/04/2022 16:55
«Հայաստանի անունից բանակցում է սա, սա է ձեր դեմքը». Քրիստինե Վարդանյանը սպիտակ լաթի կտոր ցուցադրեց (Տեսանյութ)
Դուք հայտարարել եք, որ ինչ նախապայման ներկայացրել է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, անընդունելի ոչինչ չկա՝ շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։
Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա», - ասաց պատգամավորը՝ ցուցադրելով սպիտակ կտոր։
«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախնել դուք չեք կարող», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Քրիստինե Վարդանյանի խոսափողը։