13/04/2022 19:00
Երեխաների քնի խանգարումների հիմնական պատճառները. Մանրամասնում է հոգեբանը
Գիշերային առողջ հանգիստը շատ կարևոր է երեխաների համար, քանի որ այն ունի կենսական նշանակություն՝ ֆիզիկական ու հոգեհուզական զարգացման տեսակետից։ Ժամանակակից կյանքի պայմաններում քնի խանգարումները բավական տարածված են նաև երեխաների շրջանում։
Aysor.am-ի հետ զրույցում, գիշերային քնի խանգարումների մասին խոսելիս, մանկական հոգեբան Մերի Հարությունյանը ասաց, որ խանգարումները կարող են պայմանավորված լինել առողջական որոշ խնդիրներով։
Վատ քնի պատճառ կարող են լինել նաև օրվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը, քանի որ տարիքի հետ երեխաների համար ավելի մեծ նշանակություն են ունենում հոգեսոցիալական գործընթացները։
«Երեխայի քնի որակի վրա անմիջական ազդեցություն կարող է ունենալ նաև տանը տիրող մթնոլորտը. պետք է խուսափել վեճերից ու տարաձայնություններից։ Մասնագետի խոսքով՝ երեխայի առողջության ու քնի որակի պահպանման համար շատ կարևոր է նրան ժամանակակից տեխնիկայից հեռու պահելը. մինչև երեք տարեկան երեխաներին հակացուցված են անգամ մուլտֆիլմերը», - ասաց մասնագետը։
երի Հարությունյանը հավելեց նաև, որ երեխայի վրա բացասաբար է անդրադառնում անգամ ծնողների՝ իր ներկայությամբ համացանցում երկար ժամանակ անցկացնելը։
Կարծրացած է այն միտքը, թե երեխաները վախենում են քնել մթության մեջ, ուստի հաճախ ծնողները գիշերալամպը վառ են թողնում ամբողջ գիշեր, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ մինչև երեք տարեկան երեխաները շատ ավելի հեշտ են քնում և լավ են հանգստանում առանց խանգարող լույսերի առկայության. լիարժեք հանգստի համար կարևոր նաև սենյակի ջերմաստիճանն ու օդափոխությունը։
Շատ կարևոր է գծել օրվա հստակ ռեժիմ. հարկավոր է անպայման սահմանել ժամեր սնվելու, զբոսնելու, ակտիվ խաղերի ու հանգստի համար։ Ցանկալի է ճիշտ օգտագործել ակտիվության համար նախատեսված ժամերը, որպեսզի երեխան ժամանակին պառկի քնելու և հոգնած լինի, որպեսզի քունը լինի խորը, հակառակ դեպքում քնի խանգարումներից խուսափել չի հաջողվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։