13/04/2022 19:30
«Լավ» և «վատ» խոլեստերին. ինչի կարող են հանգեցնել խոլեստերինի ավելցուկը և պակասը
Խոլեստերինի շուրջ 80 տոկոսն արտադրվում է լյարդում և միայն 20 տոկոսն է օրգանիզմ ներմուծվում սննդի միջոցով։ Արյան մեջ խոլեստերինը շրջանառվում է ոչ թե ազատ, այլ սպիտակուցային կոմպլեքսների՝ լիպոպրոտեինների կազմում։
Տարբերակվում են ցածր խտության լիպոպրոտեիններ և բարձր խտության լիպոպրոտեիններ։ Ցածր խտության լիպոպրոտեինները (ցխլպ) խոլեստերինը փոխադրում են լյարդից դեպի անոթների պատ և կոչվում են աթերոգեն՝ «վատ» խոլեստերին։
Բարձր խտության լիպոպրոտեինները (բխլպ) խոլեստերինը փոխադրում են անոթների պատից դեպի լյարդ և կոչվում են հակաաթերոգեն՝ «լավ» խոլեստերին։
Օրգանիզմի կենսագործունեության համար պահանջվում է որոշակի քանակի խոլեստերին։ Այն մասնակցում է սեռական հորմոնների, լեղաթթուների, վիտամին D-ի սինթեզին, բջջաթաղանթների կառուցվածքի հիմնական բաղադրիչներից մեկն է։
Խոլեստերինի անբավարար քանակն օրգանիզմում տղամարդկանց դեպքում առաջացնում է լիբիդոյի անկում, իմպոտենցիա, կանանց դեպքում՝ վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, հղիության շրջանում կարող է հանգեցնել վիժման և վաղաժամ ծննդաբերության։
Խոլեստերինի ավելցուկը կարող է առաջացնել աթերոսկլերոզ (ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած քրոնիկական հիվանդություն)։ Վերջինս հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման (սրտամկանի սնուցման խանգարում, ինֆարկտ, ինսուլտ)։ Խոլեստերինի բարձր մակարդակին բնորոշ է կոպերի շրջանում դեղին կուտակումները (քսանտոմա)։
Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ կարող են լինել ոչ առողջարար սննդակարգը (ճարպային, ապխտած, արագ սնունդ), ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը, վատ սովորությունները՝ ալկոհոլ, ծխախոտ, ինչպես նաև էնդոկրին խանգարումները, լյարդի հիվանդությունները։
Խոլեստերինի կարգավորումը սկսվում է նախ ճիշտ սննդակարգից՝ հագեցած ճարպերի սահմանափակում, թարմ մրգերի, բանջարեղենների գերակայում, ֆիզիկական ակտիվության բարձրացում (հատկապես արդյունավետ են արագ քայլքը, վազքը, լողը, հեծանվավազքը):
Հատկապես 30 տարեկանից հետո կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, տարվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ հետազոտվել է պետք։ Լիպիդոգրամման հետազոտությունների համալիր է, ներառում է ընդհանուր խոլեստերինի, ցածր խտության լիպոպրոտեինների, բարձր խտության լիպոպրոտեինների և արյան շիճուկի տրիգլիցերիդների հետազոտությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։