13/04/2022 14:59
Նիկոլն ասում է, որ գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով, սա նշանակում է նոր Նախիջևան. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ուղիղ ասել է, որ մենք գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով և Արցախն ունենալու է անվտանգության երաշխիքներ և լայն իրավունքներ, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասում ենք, որ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես։ Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջևան, սրանով մենք վերջնականապես կորցնելու ենք Արցախը։ Նիկոլն, այսօր, ըստ էության, բավարարում է Ալիևի պահանջը։ Մենք ասում ենք, որ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու մեր ժողովրդի ճակատագիրը։ Արցախի ժողովուրդը 1991 թվականի անկախության հանրաքվեով շատ հստակ ասել է, և այսօրվա իշխանության ղեկին հայտնված խմբակը չունի որևէ մանդատ՝ մեր երկիրը վերջնականապես նոր կապիտուլյացիայի տանելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայրենիքը, պետք է հեռանան, որպեսզի գան այն ուժերը, ովքեր կարող են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի ինքնորոշումը։
«Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետականության կորուստն է», - ասաց Իշխան Սաղաթելյանը։