13/04/2022 11:23
Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ ու զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրանց հիմնական խնդիրներից է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե այստեղ հարցեր են առաջանում ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված:
«Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար. սա բացարձակ անհրաժեշտություն է ու լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահները չեն թույլատրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ:
«Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որովհետև Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կապը: Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս, ԱԺ պատգամավորների շարժը արգելելու», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: