13/04/2022 11:52
Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, իսկ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ՝ իրավունքի հարց է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
«Այդ սկզբունքները հետևյալն են՝ փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում և հարգում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում և դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ, միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար, այդ թվում, ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն», - մանրամասնեց վարչապետը:
Նա ասաց, թե այս առաջարկությունները Հայաստանը օպերատիվ ձևով քննարկել է ու արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ, դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով ու այդ ճանաչումը այսօր էլՀՀ ներպետական օրենսդրության մաս է:
«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է, հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին ու այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում ու այս իրավիճակում կարևոր է արձանագրել մի շատ էական նրբություն:
«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը, այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները», - հայտարարեց ՀՀ վարչապետը: