13/04/2022 14:55
Հայաստանը 2021 թվականին շուրջ 120 մլրդ դրամ է հատկացրել Արցախին. Մհեր Գրիգորյան
Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել է 2 տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում, Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց, որ դեռևս 2020 թվականի վերջին պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը:
«2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ», - նշեց փոխվարչապետը:
Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում. միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել է շուրջ 100 000 մեր հայրենակից:
Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազար դրամ. այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 35 000-ից ավելի:
«Զուգահեռ, աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազար դրամ գումար. այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը՝ 5 388 անձ: Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ», - ներկայացրեց Գրիգորյանը:
Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում՝ արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ հաշվարկով: