13/04/2022 15:10
Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. ՀՀ փոխվարչապետ
Կառավարության որոշմամբ 2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է տրամադրվել այն ուսանողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին կամ, եթե մարտական գործողություններին մասնակցել է նրա ծնողը կամ ամուսինը, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այս ծրագրի շահառուների թիվը 4210 ուսանող է, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ:
4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից, Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով. միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000:
2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:
«Հետագայում ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ:
Կցանկանայի ընդգծել մեկ այլ կարևոր ծրագիր. Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունված որոշմամբ հաստատված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվելու Հայաստանում և Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող անձանց՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարումները սուբսիդավորելու միջոցով:
Հարկ է նշել, որ Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված շուրջ 136 մլրդ դրամի աջակցությունը ներառում է վերոնշյալ միջոցառումների հանրագումարային ծախսը, ինչպես նաև Արցախի կառավարությանը տրամադրած շուրջ 69,2 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկերը և շուրջ 12,5 մլրդ դրամի նվիրաբերությունը», - ասաց ՀՀ փոխվարչապետը:
Դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:
«Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով», - ասաց Գրիգորյանը:
Արցախի կառավարությանը, որպես նվիրաբերություն, 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն, որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։
2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է թվով վեց որոշում, որոնց շրջանակներում Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 7,4 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։
Նույն որոշումների շրջանակներում 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:
2021 թվականի ընթացքում աջակցության ծրագրերի համատեղ իրականացման շրջանակներում Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև կնքվել են համաձայնագրեր, որոնցով սահմանվել են Արցախի կառավարության կողմից հաստատված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացման ֆինանսական կարգավորումները:
«Հավելյալ կցանկանայի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից և 2021 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի կառավարությունները զուգահեռ են իրականացրել բոլոր միջոցառումները՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի համար նույնականացված կարիքներից և խնդիրներից: 2022 թվականի համար նախատեսված սոցիալ-տնտեսական միջոցառումները ի մի բերվեցին 2022 թվականի բյուջեների կազմման շրջանակներում:
Միջոցառումներն այլևս համակարգված իրականացվելու են Արցախի կառավարության կողմից, իսկ դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: Ամփոփելով պետք է նշեմ, որ 2022 թվականի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ. դրամ», - ասաց ՀՀ փոխվարչապետը: