13/04/2022 12:37
Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունները կառուցողական են եղել. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ քննարկումները կառուցողական են եղել։
«Ընդհանուր առմամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները (հեռախոսազրույցի ընթացքում) կառուցողական են եղել։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորման գործընթացը, իհարկե, պահանջում է ժամանակ և հետագա քայլեր», - լրագրողներին ասել է Բայրամովը։
Նախարարը կարևոր է համարել Երևանի կողմից Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքների ընդունումը։
«Առաջին և կարևոր քայլը մենք համարում ենք այն, որ Հայաստանն ընդունեց Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական կետերը։ Վերջին տարիներին Ադրբեջանը աշխատել է և կոչ է արել Հայաստանին կարգավորել հարաբերությունները։ Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնական կետ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա, և որոնց իրականացումը ձեռնտու է նաև Հայաստանին», - հավելել է Բայրամովը։