13/04/2022 20:47
ՀՀ վարչապետի այսօրվա ելույթի հետևանքներն ու բեռը կրելու ենք մենք ու մեր սերունդները․ Մելոյան
«Օրվա իշխանությունը բացել է խաղաքարտերը, որովհետև անպատիժ է և ամենաթող. իրենք հասկանում են, որ իրենց իշխանության մնալու միակ ճանապարհը և երաշխավորը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունն է, իսկ թշնամուն միշտ պետք է իր «վիլայեթը» կառավարող անհայրենիք և անսկզբունք տեղացի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Փաշինյանը փորձեց առաջ տանել Արցախյան հարցի շուրջ իր «միամտության» վերաբերյալ հերթական հորինվածքները, մինչդեռ շատերս հիշում ենք, թե ինչպես էր լրագրող Փաշինյանը քարոզում հողերը հանձնելու թեզը։
Բարձր ամբիոնից հայտարարեց, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ թշնամուց, իրենից ու իր ուժից զատ՝ առանց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, նման թեզ ոչ ոք, այդ թվում՝ միջազգային հանրությունն իրեն թույլ չի տվել հնչեցնել։
Այդ դեպքում, ինչպե՞ս էին «նախկինները» հաջողում տասնամյակներ բանակցել Արցախյան հարցի շուրջ՝ այդ նույն միջազգային հանրության աջակցությամբ և մասնակցությամբ, մեծամասամբ՝ գրանցելով հաջողություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հետ մղում ռազմական արկածախնդրության դիմած հակառակորդին, ինչպես դա արվեց 2016 թվականին։
Հիշում ենք նաև, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը մանիպուլացնում և խեղաթյուրում այդ հաջողությունները՝ մաշեցնելով նախկինների վարկանիշը։
Պատասխանը պարզ է՝ դուք հակահայ եք ու ապիկար. իսկ, եթե «ազնիվ էիք ու միամիտ», ապա պարտավոր էիք օր առաջ հեռանալ՝ թույլ տալով կոմպետենտ մարդկանց շարունակել իրենց գործը։
Տեղի ունեցող գործընթացները կանխատեսելի էին, ուղղակի մարդիկ տրվեցին մանիպուլյացիաներին և հավատացին ցանկալիին (wishful thinking)։
Արդյունքում մեկնարկեց հայ ազգի ու հայոց պետականությանն սրընթաց վայրէջքն անդունդի եզրից։
Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է. այսօր Արցախն են հանձնում, վաղը կհանձնեն Հայաստանը, ձեզ և ձեր տունը։
Հ. Գ. Նկարը՝ Արման Սաղաթելյանի 2018 թվականի հայտնի ելույթից, որում փաստերով բացահայտեց Փաշինյանի սուտը»։