13/04/2022 11:19
Խաղաղության պայմանագրի ստորագրումը արագ մտնում է մեր պլանների մեջ, բայց չենք բացառում՝ Ադրբեջանը կփորձի Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիվ գործողությունների առիթ դարձնել. Փաշինյան
Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի Հայաստանի համար, Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե, քանի որ Ավագ շաբաթ է, խոստովանում է՝ անսահման մեղավորություն է զգում Աստծո առաջ, որ չկարողացավ կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը. «Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն»: Բայց, քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև հիմա մեզ, առավել քան երբևէ, պետք է սթափ դատողություն ու իրատեսական գնահատական», - ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով՝ ինքը համաձայնություն է տվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ, բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը ունենք նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը կօգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ հասկանալով ու հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ Հայաստանը եկել է այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը:
«Այս է պատճառը, որ Հայաստանը նաև դելիմիտացիայի հարցում է Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով ու սկսել աշխատանքը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի, թե Արևմտյան ու թե մյուս բոլոր գործընկերները իրենց փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին: