13/04/2022 17:46
ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով. «Ստացվել է այնպես, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչ ժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչն ակնկալում ենք:
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանց մասնակցությունը միջազգային պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ու Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման և օլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այս փաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակ պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույն թվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրային համերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝
- Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
- Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: